ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայկական սպորտի երկու հոբելյանների և ֆուտբոլային տարվա դափնեկիրների մասին

Հայկական սպորտի երկու հոբելյանների և ֆուտբոլային տարվա դափնեկիրների մասին
26.12.2008 | 00:00

ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
Եվս հինգ օր, և պատմություն կդառնա վերջին տասնամյակի ամենահաջողակ մարզական տարին։ Անցնող տարում տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում և Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճեցին 108 մեդալ, այդ թվում` 27 ոսկե, 40 արծաթե և 41 բրոնզե։
Ինչպես միշտ, այս անգամ էլ նվաճած մեդալների առյուծի բաժինն ընկնում է երկաթախաղի մեր վարպետներին։ Նրանք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ծանրամարտի հայկական դպրոցն ահռելի ներուժ ունի և առաջիկայում էլ շարունակելու է միջազգային մրցահարթակում զարգացնել հաջողությունները։ Ի դեպ, 2008 թվականը հայկական ծանրամարտի համար հոբելյանական տարի էր։ Ծանրամարտի հայկական դպրոցի անդրանիկ` ոսկե ակորդը ողջ Եվրոպայով մեկ տարածվեց ուղիղ 70 տարի առաջ։ 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում անցկացված ռեկորդների սահմանման մրցումներում աննախադեպ հաջողության հասավ Խորհրդային Միության եռակի բացարձակ չեմպիոն, երկրի և աշխարհի բազմակի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանը։ Այդ երեկո հայկական և խորհրդային սպորտի ատլանտը ձեռնոց նետեց Գերմանիայի անպարտելիության և հզորության խորհրդանիշ համարված աշխարհի, Եվրոպայի և Բեռլինի օլիմպիական խաղերի չեմպիոն Յոզեֆ Մանգերին և 8 կգ 550 գրամով բարելավեց եռամարտի` նրան պատկանող համաշխարհային ռեկորդը` այն հասցնելով 433 կգ 550 գրամի։
Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար Սերգո Համբարձումյանը մինչև իր կյանքի վերջը վայելեց հայ ժողովրդի անսահման սերն ու հարգանքը։ Նրան աննկարագրելի սիրով և ջերմությամբ էին դիմավորում նաև տարբեր երկրներում անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ժամանակ։ Փոքրիկ Հայաստանի մեծագույն մարզիկը, ինչպես նաև նրա երկու նշանավոր ընկերները` աշխարհի ռեկորդակիր Ռուբեն Մանուկյանն ու Խորհրդային Միության առաջին Եվրոպայի չեմպիոն Իվան Ազդարովը դարձան այն հիմնաքարը, որի վրա վեր խոյացավ վերջին չորս տասնամյակների փառահեղ հաղթական կամարը։
2008-ը հոբելյանական էր նաև մարզական թեմայով գրող լրագրողների համար։ 50 տարի առաջ հիմնադրվեց Խորհրդային Միության մարզական լրագրողների ֆեդերացիան, և որոշվեց կազմել տարվա լավագույն մարզիկների տասնյակը։ Միութենական հանրապետություններում այն սկսեց կիրառվել 1959 թվականից։ Առաջին անգամ հրապարակված Հայաստանի լավագույն տասնյակը գլխավորեց ժամանակակից հնգամարտի աշխարհի, Խորհրդային Միության և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Իգոր Նովիկովը։ 1959 թվականին Նովիկովը ճանաչվեց նաև Խորհրդային Միության լավագույն մարզիկ և տեղ զբաղեցրեց Եվրոպայի տասը լավագույնների ցուցակում։ Ըստ հերթականության` հաջորդ տեղերը գրավեցին Խորհրդային Միության և Եվրոպայի եռակի, Մելբուռնի օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, Խորհրդային Միության եռակի չեմպիոն և ռեկորդակիր, գնդահրորդ Վարդան Հովսեփյանը, աշխարհի, Եվրոպայի, Խորհրդային Միության օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, աշխարհի գավաթակիր և չեմպիոն Նորայր Մուշեղյանը, ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը, նժույգավար Վլադիմիր Ռապչանովը, սուսերամարտիկ Համիկ Ալանակյանը, սեղանի թենիսիստ Հարություն Հակոբյանը և աթլետ Էռա Ոսկանյանը։
Անցած 50 տարում հարյուրավոր նշանավոր մարզիկներ են տեղ գրավել հայկական սպորտի հրաշալի տասնյակներում։ Տարբեր տարիների այդ պատվին են արժանացել Յուրի Վարդանյանը, Դավիթ Համբարձումյանը, Ռոբերտ Էմմիյանը, Ֆաինա Մելնիկը, Բենուր Փաշայանը, Իսրայել Հակոբկոխյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը, Արմեն Նազարյանը և շատ ուրիշներ։
Ժամանակին լավագույն տասնյակում մշտապես տեղ էին զբաղեցնում նաև կաշվե գնդակի մեր անզուգական վարպետները։ Տարբեր տարիների լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել Սերգեյ Զատիկյանը, Մանուկ Սեմերջյանը, Լևոն Հովսեփյանը, Ալյոշա Աբրահամյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը և ուրիշներ, որոնց շատ լավ էին ճանաչում ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև նրա սահմաններից դուրս։ Ցավոք, այսօր հայկական ֆուտբոլի մասին ուրախալի ոչինչ չենք կարող ասել։ Ամենաժողովրդական մարզաձևը վերջին 1,5 տասնամյակում հայտնվել է հետնապահների շարքում և ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել իր նախկին բարի անունը։
Ի դեպ, դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց տարվա արդյունքները։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի գավաթը հանձնվեց «Պոլիտեխնիկին», առաջին խմբի Հայաստանի առաջնության հաղթող, «ՈՒլիս» ակումբի «Շենգավիթ» թիմին հանձնվեցին ցանկալի մեդալները։ Երկրի առաջնության նորեկն առաջ անցավ առավել փորձառու «Փյունիկ-2»-ից և «Բանանց-2»-ից։ Առանց մրցանակի չմնաց նաև «ՈՒլիսը». Սևադա Արզումանյանի թիմին հանձնվեց «Արդար խաղի համար» մրցանակը։
Առաջին անգամ երրորդ տեղը գրաված «Գանձասարին» հանձնվեցին բրոնզե մեդալներ։ «Գանձասարը» հաջորդ տարի Հայաստանը կներկայացնի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։
Երկրի չեմպիոնի կոչման համար անհաշտ պայքար ծավալվեց «Արարատի» և «Փյունիկի» միջև, և միայն ոսկե խաղում որոշվեց չեմպիոնը։ 11-րդ անգամ պատվավոր մրցանակը հանձնվեց «Փյունիկին»։ Հանրապետության լավագույն թիմի համար դա ութերորդ անընդմեջ հաղթանակն էր, և նա դարձյալ հանդես կգա չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Ինչ վերաբերում է «Արարատին», ապա մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը արարատցիները կմասնակցեն հունվարին անցկացվելիք Համագործակցության երկրների գավաթի խաղարկությանը։
Տարվա լավագույն մրցավար ճանաչվեց Արարատ Ճաղարյանը։
13 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դարձյալ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց 36-ամյա պաշտպան Սարգիս Հովսեփյանը։ Դա նրա` նման երրորդ պարգևն էր։ Սարգիսն ընդամենը մեկ ձայնով առաջ անցավ Հենրիխ Մխիթարյանից։ Հովսեփյանը միակ ֆուտբոլիստն է, որը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։ Տարվա լավագույն ֆուտբոլիստը պարգևատրվեց հատուկ մրցանակով` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Տարվա լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը հանձնվեց բրազիլացի լեգեոնական Մարկոսին, որն այս մրցաշրջանում դարձավ 17 գոլի հեղինակ։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4399

Մեկնաբանություններ